Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:   Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:   Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Ղարիբյանն ու Արմեն Ասլանյանը:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:   Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 45-ամյա Հայկ Գրիգորյանն է, ում կյանքի համար բժիշկները պայքարում են: 

5428