Սուրբ Զատկի տոնը իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ, և դարձել է հայ ժողովրդի մշակույթի, ավանդույթների և անգամ կենցաղի անբաժանելի մասը։ Փառատոնի ընթացքում հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին նշելով Սուրբ Զատիկը։

Փառատոնին ելույթ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի մասնաճյուղերի սաները։ Փառատոնի սպասված հյուրերից էին «Արևային Զանգակներ» խումբը և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները։ Երեխաների տոնը է՛լ ավելի ամբողջացրին սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Արդվին» ազգագրական համույթը։ Փառատոնի ընթացքում գործում էր նաև ցուցահանդես-վաճառք՝ երեխաների զատկական աշխատանքներով։ Ներկայացված էին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների աշխատանքները։

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն ստացավ միանալու վարպետության դասերին՝ ծանոթանալով արվեստի և արհեստի ճյուղերին և պատրաստելով օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ «Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար, ինչպես նաև խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Բոլոր՝ այդ թվում նաև խոցելի խմբի երեխաները, ունեն որակյալ կրթություն ստանալու և հասարակության մեջ լիարժեք ներառված լինելու, հասարակության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունք։ Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ֆորմիկա Արտ» ընկերությունը:

491