ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն ասուլիսի ընթացում ներկայացրեց, որ այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է։

 

Նա հայտնեց՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ հետ վերցնելով նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր հիմնականում հյուսիսային և հարավային ուղղղություններով:

 

«Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում, բոլոր ուղղություններով: Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Նախորդ  օրերին ունեցած անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր։

 

Սարգսյանի խոսքով՝ հակառակորդը, բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները, փորձել է գրոհել մարտակարգերը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքեր։

 

Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որտեղ նախորդ օրերին ունեցել են որոշակի հաջողություններ։ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանության բանակի ստորաբաժանումները  վճռականորեն հակահարված են հասցրել  հակառակորդին։

 

Սարգսյանը նաև անդրադարձավ հակառակորդի կողմից  խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու փորձերին։ նա նշեց, որ դրա վառ օրինակն են Վարդենիսի հրթիռային հարվածները, որից տուժել է  նաև խաղաղ ազգաբնակչությունը։

«Վանդալիզմի այդ դրսևորումները միայն ամրապնդել են  հայրենիքի պաշտպանի վճռականությունը  և հայ զինվորի ոգին»,- ասաց Սարգսյանը։

 

«Այսօր հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժիներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելին։

 

սրտի, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ, որի թվային տվյալները  ճշտվում են և կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ»,- հայտնեց նա:

1581