Անդրանիկ Տողրամաջյանը նախատեսում է օգնել Հայաստանում ստեղծել կրիպտոարժույթների շրջանառության և փոխանակման կանոններ, իսկ հետո՝ ազգային թվային արժույթ, որը կարող է շրջանառվել արտասահմանում՝ սկզբի համար՝ Թբիլիսիում և Դուբայում։

Հայաստանը կարող է դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որտեղ կաշխատի ազգային արժույթի թվային նմանակը։ Համենայնդեպս, նման գաղափար ուզում է իրականացնել ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետ Անդրանիկ Տողրամաջյանը, որը վերջերս է որոշել Ռուսաստանից վերադառանալ Հայաստան։

Տողրամաջյանը կարծում է, որ կանոնակարգելով շուկան, կարելի է ազգային թվային արժույթի ստեղծման խնդիր դնել։ Այժմ նա մասնակցում է Կենտրոնական բանկի հետ ազգային թվային արժույթի ստեղծման մասին քննարկումներին։ Սովորական կրիպտոարժեքից այն տարբերվում է նրանով, որ ունի իրական ապահովում։ Նման թվային արժույթի նախագիծն այժմ մշակում Է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ինչպես նաեւ Չինաստանի, Բրիտանիայի, Շվեդիայի կենտրոնական բանկերը: Վերջին երկուսը հայտարարել են, որ մինչև 2025 և 2026 թվականը շրջանառության մեջ չեն դնի համապատասխանաբար թվային ֆունտ և կրոն։ Բայց Հայաստանը շատ ավելի փոքր է եւ թվային արժույթի շրջանառությունը կազմակերպելն այստեղ ավելի հեշտ կլինի։

Կենտրոնական բանկի հետ քննարկումներ են գնում, մասնավորապես, այն մասին, թե ով պետք է տիրապետի թվային արժույթն ապահովող դրամական հաշիվներին։ Մեկ սցենարով, այդ հաշիվները պատկանում են Կենտրոնական բանկին, որը թվային արժույթը ամբողջությամբ կկարգավորի ճիշտ այնպես, ինչպես սովորականը։ Մյուս սցենարի համաձայն՝ այդ միջոցների մի մասին կարող են տիրապետել մասնավոր կազմակերպությունները։

Միջազգային շուկաներ դուրս գալու համար Skylabs ընկերությունը մտադիր է կրիպտոտերմինալներ  բացել Թբիլիսիում եւ Դուբայում: Դրանց օգնությամբ արտերկրում կարող է թվային շղթա ձևավորվել․ թվային դրամ ես գնում, փոխանակում այլ կրիպտոարժույթի հետ, որն էլ փոխանակում ես դոլարով (եվրոյով, դիրհամով և այլն)։

Գործարքները թվային դրամով, ինչպես եւ մեկ այլ կրիպտոարժեքներով, պետք է կնքվի սմարթ-պայմանագրերի տեսքով, որոնք հնարավոր չի լինի կեղծել՝ բլոքչեյնի տեխնոլոգիայի շնորհիվ (դրանց մասին տվյալները կպահվեն արժույթի բոլոր համահիմնադիրների մոտ): Ի լրումն այս պայմանագրի, դուք կարող եք մուտքագրել անհրաժեշտ հարկային վճարումները, որոնք պետք է նվազեցվեն ինքնաբերաբար։ Դա բիզնեսի համար կարող է օգտակար լինել ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանի ներսում։

Առայժմ բիզնեսը Հայաստանում չի կարող հաշիվները պահել թվային արժույթով և հաշվետվություններում այն հաշվարկել որպես ակտիվ։ Այդ մասին նույնպես քննարկումներ են ընթանում ԿԲ-ի և ֆինանսների նախարարության հետ։

ՏՏ-բիզնեսի մի շարք ոլորտներում, նշում է Տողրամաջյանը, աշխատավարձերը վճարվում են անմիջապես կրիպտոարժույթով, օրինակ՝ սերվերների համար սոֆթ գրող ընկերություններում: Եթե այդ ընկերություններին թույլատրվի Հայաստանում աշխատակիցներին օրինական կերպով վճարել «կրիպտոյով» (այդ միջոցների ամբողջ անհրաժեշտ ստուգումներով), ապա այստեղ կարող են նոր ՏՏ-բիզնեսներ տեղափոխվել, հատկապես՝ Ռուսաստանի մասնագետների միգրացիայի ֆոնին։

1468