Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի և բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ։
Ասուլիսին ներկայացրեցին կատարած աշխատանքները, թիմերի մասնակցությունները և ակնկալվող արդյունքները։
«Ի սկզբանե մենք խոսում էինք 40-42 երկրի մասին, բայց հասկանալի պատճառներով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները չեն կարող ժամանել, իսկ Ադրբեջանի հավաքականն էլ հրաժարվեց ժամանել Հայաստան, թեպետ մենք բոլորի համար ապահովել էինք բոլոր պայմանները և որևէ խնդիր չէր լինելու»,- մամուլի ասուլիսին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նա նշեց, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն կատարված է և մարզական առումով, և բացման արարողության հետ կապված։ Լինելու է շատ գեղեցիկ բացման արարողություն, որից հետո անմիջապես գիշերը կտեղադրվեն ռինգերը և հաջորդ օրը՝ մայիսի 23-27-ը կսկվեն նախնական մենամարտերը։ Մայիսին 28-ին կլինի ազատ օր, մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչները, և արդեն 30-ին կորոշվեն առաջնության հաղթողները։
«Գերազանց կհամարենք այն արդյունքը, որ մեր լավագույն արդյունքը գերազանցենք։ Այսինքն՝ 3 ոսկին կհամարենք գերազանց արդյունք»,- ասաց Գիլոյանը և կոչ արեց բոլորին երկրպագել Հայաստանի հավաքականին և ներկա լինել մենամարտերին, որպեսզի այդ բերկրանքը միասին ապրենք։
Եվրոպայի առաջնության մենամարտերի տոմսերի արժեքը լինելու է 2000, 5000, 8000 և 10000 դրամ։ Գիլոյանը հավելեց. «Սա իրականում միջազգային գներից ցածր է։ Բայց մենք հաշվի ենք առել, որ այս առաջնությունը բոլորի համար է, և բոլորը իրավունք ունեն գալ ու հետևել մրցման ընթացքին։ Նախնական տվյալներով, բավականին լավ են վաճառվում կիսաեզրափակչի և եզրափակչի տոմսերը։ Հնարավոր է նաև մրցումներից առաջ գալ տոմսերը գնել»։
Տոմսեր են հատկացվելու նաև բռնցքամարտի մարզադպրոցներին, բռնցքամարտի վետերաններին, բռնցքամարտի երախտավորներին։