«Մենք առաջարկություն ենք ներակայացնելու, որ աղբի նետման համար ոչ թե 5000 ՀՀ դրամ վարչական պատասխանատվության ենթարկեն, այլ 50.000 դրամ, կարծում եմ, մինչ հաջորդ կիրակի նախագիծը կներկայացնենք կառավարությանը: Ես նաեւ մշտապես նշել եմ, որ քաղաքացիները նույնպես պետք է հսկեն իրենց համաքաղաքացիներին,  որովհետեւ մեր հայրենիքը միայն մեր շեմի «կաֆելով» չի սահմանափակվում»,- այս մասին այսօր` մայիսի 24-ին կայացած Ավագանու նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` խոսելով քաղաքն աղտոտելու համար սահմանվող տույժի չափի մասին:

Քաղաքապետը նկատում է՝ եթե շատերը կարծում են, որ աղբը գետը նետելը ոչ մի կերպ չի անդրադառնալու իրենց ընտանիքների վրա, ապա չարաչար սխալվում են. 
«Նույն Երեւանյան լճից Արարատյան դաշտավայր ոռոգման ջուր է գնում, որով ոռոգվում են բազում հողակտորներ, որտեղ տարբեր մշակաբույսեր են աճեցվում, հետո այդ նույն մշակաբույսերը տեղափոխվում շուկաներ, որից հետո մարդիկ այդ սնունդն ուտում են ու գնում հիվանդանոցներ»:

Ավագանու անդամ Արմեն Ներսիսյանն էլ ներկայացրեց իրեն հանդիպած դեպքը, երբ տուրիստներն իրենց նախաձեռնությամբ գնացել էին Սեւանա լճի շրջակայքը մաքրելու, ու կոչ արեց բոլորին, տեսնելով այս ամենը՝ ականջալուր լինել քաղաքապետարանի քաղաքը մաքուր պահելու հորդորներին: 

1496