«Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ որ հարցով ում մոտ գնա, եկել են մեր շենքում ումից ինչ հարցնեն, մեր շենքում առողջապահության նախարարությունն է, շրջակա միջավայրի նախարարությունն է, մենք ենք, թող գան քարտեզները փռենք, իրար հետ աշխատենք, տեսնենք որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, ջրամբարների շինարարությունը ուր հասավ, մեր նախարարություն գալիս են Արցախի հարցերով, որ ի՞նչ անեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին` իշխանությունը պատրաստ է բավարարել ընդդիմության պահանջը, որն է` Արցախը Ադրբեջանի կազմում չլինելը:
Սանոսյանի դիտարկմամբ, իր՝ Արցախի մասին խոսելը սխալ է. «Արցախի հարցերում իմ անձնական տեսակետն էլ ունեմ՝ որպես մարդ և նախարար, բայց հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ: Դուք ինչո՞ւ եք ուզում շրջակա միջավայրի կամ ՏԿԵ նախարարը Արցախից խոսի: Դրա համար կան համապատասխան գերատեսչություններ և, ի պատիվ մեր գործընկերների, շատ ակտիվ աշխատում են»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով սահմանների կահավորմանը՝ նշեց, որ մեր երկրում առաջին տեղում մշտապես եղել է ՊՆ-ն, եւ մշտապես ինչքան գումար պետք է՝ առաջնայինը տրվել է հենց այդ կառույցին. «Միգուցե նաեւ ոմանք իրենց թալանը վերադարձնեն երկրին ու հասկանան, որ այս հայրենիքը նաեւ իրենցն է, եւ սահմանները պետք է կահավորել»: