Ներկայումս իրականացվում է կարտոֆիլի վաղահաս սորտերի բերքահավաք, որն առայժմ ընթացքի մեջ է։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին  էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«2022 թվականին ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության և 2021 թվականի ՀՀ ՎԿ տեղեկատվության համեմատությունը ցույց է տալիս, որ կարտոֆիլի ցանքատարածությունները 2022 թվականին գրեթե չեն նվազել։ Շուկայում կարտոֆիլի բարձր գինը կարող է պայմանավորված լինել դիզելային վառելանյութի, կարտոֆիլի տնկանյութի, աշխատուժի աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութերի գնաճով, որը նկատի ունենալով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 281-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը։  Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2022 թվականի եղանակային պայմաններով պայմանավորված, գյուղատնտեսական մշակաբույսերի, այդ թվում՝ կարտոֆիլի վեգետացիան երկարել է, ուստի՝ կանխատեսվում է, որ առաջիկա օրերին բերքի մեծ ծավալը կհանգեցնի շուկայում գնի նվազման։  Հայտնում ենք նաև, որ, համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տեղեկատվության,  2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ արտահանվել է 568 տոննա կարտոֆիլ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 25 456 տոննա, որը ևս պայմանավորված է կարտոֆիլի վեգետացիայի ուշացմամբ և ուշ բերքահավաքով»,- ասացին նախարարությունից:

Մեզ նաև հայտնեցին, որ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տեղեկատվության համաձայն, հունիսի 2-ի դրությամբ, տարվա սկզբից ներմուծվել է 1657 տոննա կարտոֆիլ,  իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 432 տոննա։

3214