Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող Գերմանիայի տնտեսական թիմը (GET) տեղեկագիր է հրապարակել, թե ինչպիսի ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը երկուստեք առեւտրի վրա։ 

Ներածություն

Հայաստան-Թուրքիա սահմանը տարիներ շարունակ փակ է, և այդ երկրների միջև ուղղակի առևտուր չկա։ Այնուամենայնիվ, անուղղակի առևտուրը պահպանվել է՝ հիմնականում Վրաստանի տարածքով։ Թեև 2021 թ. Հայաստանն արգելք էր դրել թուրքական ծագման ապրանքների ներմուծման վրա, բացառությամբ հումքի, այդ արգելքը հանվել է 2022 թ.։ Մենք ուսումնասիրել ենք Թուրքիայի հետ Հայաստանի առևտրի վրա այն սցենարի հետևանքները, երբ Հայաստանն ու Թուրքիան բացում են իրենց ընդհանուր սահմանը և թույլատրում ուղղակի առևտուր։

Հայաստանի առևտուրը

Ներկայումս առևտրի գծով Հայաստանի հիմնական գործընկերները Ռուսաստանը, ԵՄ-ն և Չինաստանն են։ Թուրքիայի հետ առևտուրը 2021 թ. կազմել է 0,9%՝ նվազելով թուրքական ծագման ապրանքների, բացառությամբ հումքի, ներմուծման արգելքի պատճառով։ 2017-2019 թթ.՝ մինչը COVID-19 ճգնաժամը և արգելքը, առևտուրը կազմել է մոտ 4%։ Հայաստանը հիմնականում ապրանքներ է ներկրում Թուրքիայից, մինչդեռ արտահանում գրեթե չկա։ Մինչև 2021 թ. արգելքը ներմուծվող հիմնական ապրանքներն էին տեքստիլը, հագուստը, մեքենաներն ու սարքավորումները և վառելիքը։ 2021 թ. Թուրքիայից ներմուծումը կրճատվեց 68%-ով՝ ազդելով ողջ տեսականու վրա, իսկ վառելիքի ներկրումը գրեթե ամբողջությամբ դադարեց։

 

Մեթոդոլոգիա

Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի պոտենցիալ կառուցվածքի գնահատումը հիմնված է երկու մոդելի վրա։ Գրավիտացիոն մոդելը առևտրային քաղաքականության վերլուծության միօրինակ գործիք է։ Նրա հիմնական գաղափարն այն է, որ առևտուրն ուղիղ համեմատական է գործընկեր տնտեսությունների չափերին և հակադարձ համեմատական՝ նրանց միջև «տնտեսական հեռավորությանը»։ Մոդելը հաշվի չի առնում առևտրի ապրանքային կազմը և, հետևաբար, հարմար է երկարաժամկետ առևտրի ձևը գնահատելու համար։ Առևտրի կոմպլեմենտարության մոդելը անհատականացված գործիք է, որով գնահատում է երկկողմ առևտրի պոտենցիալ կառուցվածքը՝ ելնելով նրանից, թե արդյոք մի երկրի արտահանման զամբյուղը համապատասխանում է մյուս երկրի ներմուծման զամբյուղին՝ նկատի առնելով նաև գների տարբերությունը։ Այն հիմնվում է առևտրի ներկայիս ապրանքային կազմի վրա։ Հետևաբար, այն հարմար է առևտրի կարճաժամկետից միջնաժամկետ կառուցվածքը գնահատելու համար։

Գրավիտացիոն մոդել

Ինքնահոս մոդելը կանխատեսում է, որ թուրքական արտադրանքի տեսակարար կշիռը հայկական առևտրում պետք է կազմի 12%, մինչդեռ իրականում 2021 թ. այն եղել է ընդամենը 1% (մասամբ արգելքի պատճառով), իսկ 2019 թ.՝ ընդամենը 3,6%։ 

Այդպիսով, Թուրքիայի հետ Հայաստանի առևտուրը մեծ պոտենցիալ ունի։

 

Առևտրի կոմպլեմենտարություն

Առևտրային կոմպլեմենտարության մոդելի համաձայն՝ Հայաստանի պոտենցիալ արտահանումը Թուրքիա կազմում է 185 մլն ԱՄՆ դոլար. սա համարժեք է 2021 թ. Հայաստանի արտահանման 6,7%-ին։ Հայաստանից Թուրքիա պոտենցիալ արտահանման հիմնական տեսականին ներառում է գյուղմթերքներ, ներառյալ ծխախոտային արտադրանք (սիգարետներ), ապակեղեն, ոսկերչական իրեր և հանքանյութեր, մասնավորապես՝ պղնձի հանքաքար։

Թուրքիա պոտենցիալ արտահանման կառուցվածքը նման է Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքին, բայց մետաղների և ոգելից խմիչքների ավելի փոքր բաժնով։ Թուրքիայից Հայաստան պոտենցիալ ներմուծման ծավալը կազմում է 678 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թ. Հայաստանի ներմուծումների 12,8%-ն է։ Ներմուծվող հիմնական ապրանքները կլինեն մեքենաներն ու սարքավորումները, տեքստիլը, հագուստը, ինչպես նաև քիմիական ապրանքները՝ հիմնականում դեղամիջոցները։ Սահմանի բացումը կփոխի ներմուծման ներկայիս կառուցվածքը՝ մեծացնելով արտադրության միջոցների (մեքենաների և սարքավորումների) դերը։ Գյուղմթերքների պոտենցիալ ներմուծումը կմնա չափավոր։

Եզրափակում

Թուրքիայի հետ սահմանը փակ է, և Հայաստանն ուղղակի առևտուր չի անում հարևան երկրի հետ։ Այդուհանդերձ, առկա է անուղղակի առևտուր, որը տեղի է ունենում Վրաստանով։ Առևտուրը հիմնականում միակողմանի է. Հայաստանը Թուրքիայից արտադրանք է ներմուծում, մինչ Թուրքիա արտահանում գրեթե չկա։ Թուրքիայի հետ սահմանի բացման արդյունքում այդ երկրի հետ Հայաստանի առևտուրն ընդհանուր առևտրի 1%-ից (2021 թ.) պակասից կմեծանա մինչև ավելի քան 10%-ը։ Երկու մոդելների կիրառման արդյունքները նման են, այսինքն՝ ստացված արդյունքները շոշափելի են։ Սահմանի բացումը կնպաստի Հայաստանում արտադրության միջոցների արտահանմանն ու ներմուծմանը, ինչը մեծապես համընկնում է Հայաստանի տնտեսական շահերին։

Հեղինակ՝ Վերոնիկա Մովչան, [email protected]

 

1893