Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հայաստանյան պաշտոնյաների ցանկացած արտերկրյա հանդիպում՝ հատկապես մեր դաշնակից երկրների ղեկավարների հետ, գնահատում եմ անչափ կարևոր ու նպատակային։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ ՌԴ կատարած այցին:

«Մենք տեսնում էինք, որ նախկինում ՌԴ նախագահի հետ հանդիպումները հիմնականում անցկացվում էին ՀՀ վարչապետ-ՌԴ նախագահ ֆորմատով. այս տեսանկյունից հետաքրքրական էր, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ նախագահի մասնակցությամբ։ Սա, ըստ էության, ցույց է տալիս, որ ՀՀ նոր նախագահը պատրաստ է իր վրա կրել  նաև որոշակի պատասխանատվություն  և չի սահմանափակվելու միայն «օրենք ստորագրելու» ֆունկցիաներով»,- ասաց նա:

Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանի՝ հունիսին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման և ելույթի մասին Մովսես Հարությունյանը նշեց, որ հայ համայնքի հետ հանդիպման ամենակարևոր նպատակը թերևս ռուսահայ մեր համայնքին ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին օբյեկտիվ պատկերացումներ տալն էր։ «ՌԴ-ում, ինչպես նաև Սփյուռքի այլ համայնքներում որոշակի թյուր պատկերացում է ստեղծվել ներհայաստանյան զարգացումների մասով, և ՀՀ-ում ներդրում կատարել ցանկացող մեր հայրենակիցների մոտ առկա է անորոշության զգացում։ Կարծում եմ, որ ՀՀ նախագահի հետ զրույցը ստիպեց շատերին դուրս գալ կոնկրետ շրջանակների կողմից իրականացված կեղծ քարոզչության շրջանակներից ու օբյեկտիվ պատկերացում կազմել հայաստանյան զարգացումների մասին»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ միջանցքային հարցերով Հայաստանում առկա մտահոգությունները վաղուց պետք է փարատված լինեին, քանի որ բազմիցս ՀՀ պաշտոնյաների կողմից հայտարարվել են, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չեն քննարկվում ու չեն կարող քննարկվել։ «Դա ըստ էության ընդունել է նաև ադրբեջանական կողմը՝ չնայած դեռևս տեսնում ենք նրանց կողմից հնչող նմանատիպ հայտարարություններ, որոնք նպատակ ունեն ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչպես նաև լուծել ներադրբեջանական հասարակական հարցեր՝ կերակրելով «պատերազմում տարած հաղթանակից» ախորժակները բացած իրենց ժողովրդին»,- ասաց նա:

Մովսես Հարությունյանը՝  հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը գնահատեց կայուն տեմպերով զարգացող ու նաև բավականին անկեղծ։ «Տեսնում ենք, որ վերջին ժամանակներս հայկական կողմից բարձր մակարդակով ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներում հնչում են տարբեր օբյեկտիվ դիտարկումներ, որոնք միտված են ճիշտ ռելսերի վրա դնելու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Նման անկեղծ քննարկումները՝ ինչպիսին նաև ՀՀ նախագահի ելույթն էր ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, բնակաբար նպաստելու է երկկողմ հարաբերությունների էլ ավելի բարելավմանը և նոր մակարդակի զարգացմանը»,- ասաց նա:

 

337