
Հունիսի 23-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինային եւ Մոլդովային ԵՄ թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Վրաստանը, որը այս երկու երկրների հետ միասին դիմել էր թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ցուցակում չկա։
Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին հաստատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ եզրակացությունները։ Հանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային ստանալ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի մասով միայն ճանաչել երկրի եվրոպական հեռանկարը։
Մինչ թեկնածուի կարգավիճակ շնորհելը Թբիլիսիին առաջարկվում է բարեփոխումներ իրականացնել։ Եվրոպական հանձնաժողովը սահմանել է 12 պայման, այդ թվում՝ «ապաօլիգարխացում», դատարանների բարեփոխում, լրատվամիջոցների ազատության ապահովում։