Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է խաղում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն երկու երկրների տարածաշրջանների IX ֆորումի լիագումար նիստի իր տեսաուղերձում։

Նրա խոսքով, միությունը մշակութային և տնտեսական միջպետական ​​համագործակցության օրինակ է, մոդել։

«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Համոզված ենք, որ միայն միասին է հնարավոր դիմակայել գլոբալ մարտահրավերներին: Առայժմ նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան՝ առանց արագ միասնության ու համախմբվածության, միջպետական ​​կապերի ամրապնդման և պարզապես մարդկային նորմալ հարաբերությունների, մենք վաղը կարող ենք գոյություն չունենալ»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Նա նաև անդրադարձել է արևմտյան պատժամիջոցներին՝ շեշտելով, որ Արևմուտքի անմեղսունակ և անօրինական պատժամիջոցները երկրներին մղեցին դեպի արագացված որոշումներ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։ 

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը կարողացել են հասնել ռազմավարական գործընկերության, իսկ դաշինքն իսկապես օրինակելի մակարդակում է: «Միութենական պետությունը իսկապես փոխշահավետ և իրավահավասար ինտեգրման օրինակ է»,- ասել է ՌԴ նախագահը։
 

 

807