
Հունիսի 30-ին Թուրքիայում արգելափակվել է Deutsche Welle մեդիաընկերության կայքը։ Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը, նշում է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը։ Խոսքը կայքէջի բոլոր 32 լեզուներով հեռարձակվող ինտերնետային էջերի մասին է, մանրամասնել են DW մեդիաընկերությունից:
Լրատվական ընկերությունը մտադիր է դատարանում վիճարկել թուրքական կողմի դիրքորոշումը։ Բացի DW-ից, արգելափակումն անդրադարձել է նաև «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրա։
Մի քանի ամիս առաջ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը օտարերկրյա հեռարձակողներից պահանջել էր դիմել ինտերնետ հեռարձակման լիցենզիա ստանալու համար: Ըստ DW-ի՝ նման քայլը «թուրքական կառավարությանը թույլ կտա գրաքննել խմբագրական բովանդակությունը» և «անընդունելի է անկախ լրատվամիջոցների համար»:
«Լրատվական ընկերության դիրքորոշումը ներկայացվել է լայնածավալ նամակագրության մեջ և նույնիսկ անձնական զրույցի ժամանակ թուրքական լրատվամիջոցները կարգավորող մարմնի նախագահի հետ»,- ասել է DW-ի գործադիր տնօրեն Պետեր Լիմբուրգը։
Deutsche Welle-ն և «Ամերիկայի ձայն»-ը փետրվարին հայտարարեցին, որ չեն դիմելու Թուրքիայում լիցենզիա ստանալու համար։ Թուրքական կողմի պահանջը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած իրավական նորմի վրա։ Նույն թվականին, DW-ն, թուրքական օրենսդրության համաձայն, բացեց իր ներկայացուցչությունը այդ երկրում։
Մինչդեռ Գերմանիայի լրագրողների միությունը կոչ է արել թուրքական կողմին անհապաղ վերացնել Deutsche Welle-ի դեմ կիրառվող միջոցերը: