Ազգային ժողովը հուլիսի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ որի` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից` արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ` Արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:

Հեղինակի պարզաբանմամբ` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում գլխավոր քարտուղարի համար` 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող անձանց շրջանակը: «Օրենքի փոփոխությունը շատ կարևոր է Արտաքին գործերի նախարարության հետագա գործունեության համար»,- ընդգծել է պատգամավորը:

Կառավարության դրական դիրքորոշումը հայտնել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

628