Հուլիսի 19-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների ԱՄՆ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։

ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձը, որը ներգաղթյալ չէ և ցանկանում է ԱՄՆ մուտք գործել օդային տարածքով՝ պարտավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու վերաբերյալ ապացույց՝ նախքան օտար երկրից ԱՄՆ մեկնող ինքնաթիռ նստելը։

Եթե անձը Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված չէ, ապա վերջինիս չի թույլատրվի նստել ԱՄՆ մեկնող ինքնաթիռ։ Այս պահանջների պարտադիրությունը չի տարածվում բուսթեր ներարկման վրա։

Պարտադիր պատվաստման պահանջը չի կիրառվում հետևյալ չափանիշներին համապատասխանող անձնանց նկատմամբ․

  • դիվանագիտական կամ օտարերկրյա պաշտոնական ճամփորդության մեջ գտնվողներ,
  • մինչև 18 տարեկան երեխաներ,
  • Covid-19-ի դեմ պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական հավաստում ունեցողներ,
  • Covid-19-ի դեմ պատվաստման որոշակի փորձարկումներով անցնող անձին մարդասիրական կամ արտակարգ իրավճակներով պայմանավորված բացառություններ ունեցողներ,
  • ԱՄՆ գործող վիզա ունեցող անձինք (բացառությամբ B-1 (բիզնես) կամ B-2 (տուրիստական) վիզա ունեցողներ), որոնք հանդիսանում են այնպիսի երկրի քաղաքացի, որտեղ Covid-19-ի դեմ պատվաստման միջոցները սահմանափակ են,
  • ԱՄՆ զինված ուժերի անդամները, նրանց ամուսինները կամ մինչև 18 տարեկան երեխաները,
  • C-1 կամ D ոչ ներգաղթային վիզայով ճանապարհորդող ծովային անձնակազմի անդամները,
  • այն անձինք, որոնց ժամանումը ԱՄՆ պետ․ քարտուղարության, տրանսպորտային քարտուղարության և ներքին անվտանգության քարտուղարության կողմից առանձին որոշմամբ կհամարվի ազգային շահերից բխող:

Վերը նշված բացառություններից մեկով ճանապարհորդելու դեպքում դուք պարտավոր կլինեք հաստատել, որ դուք ազատված եք լիարժեք պատվաստված լինելու ապացույց ներկայացնելուց նշված բացառություններից մեկի հիմքով։

Նշենք, որ ԱՄՆ-ում վերանայվել են COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները, որի արդյունքում՝ համաձայն ս․թ․ հունիսի 12-ից ուժի մեջ մտած փոփոխության, ԱՄՆ օդային տարածքով մուտք գործող անձանցից չի պահանջվում ներկայացնել COVID-19 թեստի բացասական պատասխան կամ ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ։

ԱՄՆ տարածում ընդունվում են հետևյալ պատվաստանյութերը․

Մեկ ներարկում պահանջող պատվաստանյութ՝

Janssen/J&J

Երկու ներարկում պահանջող պատվաստանյութ՝

Pfizer-BioNTch
Moderna
AstraZeneca
Covaxin
Covishield
BIBP/Sinofarm
Sinovac
Novavax/Covovax

Անձը համարվում է լիարժեք պատվաստված երկրորդ ներարկումից, իսկ մեկ ներարկումով պատվաստանյութի դեպքում միակ ներարկումից հետո երկու շաբաթը (14 օրը) լրանալուց հետո։

3065