Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև օգոստոսի 17-ը։
«Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ», - ասվում է գերատեսչությունում։
Ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորներ տեղափոխել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով այլընտրանքային երթուղիներով։
Նշվում է, որ ռուսական մնացած օդանավակայանները շարունակում են բնականոն աշխատանքը։
«Օդանավակայանների և ավիաընկերությունների չվացուցակների բոլոր փոփոխությունները կներկայացվեն օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում», - հավելել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: