Իրանական կողմը Վիեննայի բանակցությունների եվրոպացի համակարգողի միջոցով ստացել է ԱՄՆ կառավարության պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«Սկսվել է ամերիկյան կողմի առաջարկների քննարկումը։ Դրա ավարտից հետո Իրանն այս առնչությամբ իր պատասխանը կհայտնի համակարգողին»,- հայտարարել է Քանանին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնի պատասխանը Թեհրանին պատրաստ է: Նա շեշտել էր՝ եթե Թեհրանը պատրաստ է ամբողջությամբ կատարել 2015 թ. համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա Վաշինգտոնը պատրաստ է անել նույնը: Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը ողջունում է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից»:

Ամերիկյան կողմը միաժամանակ հայտնել է, որ կողմերի միջև մի շարք տարաձայանություններ դեռևս պահպանվում են: Խոսքը վերաբերում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանելու պահանջին:

1290