«Արմենպրես»-ի մամուլի սրահում օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, երբ «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ը ներկայացնում էր հերթական հետազոտության արդյունքները, ահազանգ հնչեցվեց աղքատության մակարդակի վերաբերյալ առ այն, որ ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսման՝ «Տարվա վերջում աղքատության ընդհանուր մակարդակը հանրապետությունում 27 տոկոսից կհասնի 48 տոկոսի»: ՀԲ կանխատեսման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ) տնային տնտեսությունների վիճակագրության բաժնի պետ Լուսինե Մարկոսյանին:

Լուսինե Մարկոսյան - ՀԲ կողմից հիշատակված կանխատեսումը հրապարակվել է 2021թ.-ի ապրիլի 1-ին «Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2021թ․-ին կանխատեսում է 3.4% տնտեսական աճ» խորագրով հրապարակման մեջ:

Այդ մեջբերումը հետևյալն է. «Ըստ գնահատականների՝ COVID-19-ի բռնկումը կործանարար ազդեցություն է ունեցել խոցելի տնային տնտեսությունների համար։ Կանխատեսումներն ենթադրում են, որ 2021 թվականին բնակչության 48 տոկոսը ցածր կմնա աղքատության գծից (5.5 դոլար` հաշվարկված 2011թ․ գնողունակության համարժեքությամբ), ինչը պայմանավորված է եկամուտների կորստով»։

Ընդ որում, ՀԲ-ի կողմից 2022թ. ապրիլին հրապարակած մեկ այլ կանխատեսման մեջ նշված է նույն եղանակով հաշվարկվող ցուցանիշի 40.4% աղքատության մակարդակ նույն 2021թ.-ի համար: Այդ հրապարակման նույն էջում նշված է, որ 2020թ.-ին Հայաստանում բացարձակ աղքատությունը (ըստ սպառման ագրեգացված ցուցանիշի) կազմել է 27%:

Հարկ է նշել, որ 2020թ.-ին այդ ցուցանիշը փաստացի կազմել է 44.7% և հասանելի է ԱՐՄՍՏԱՏ-ի պաշտոնական կայքում «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021», վիճակագրական-վերլուծական զեկույցում, էջ 48:

Ընդ որում, այդ զեկույցում, որն ամենամյա պարբերականությամբ պատրաստվում և հրապարակվում է ՀԲ -ի տեխնիկական օժանդակությամբ (ՄԱՍ 1., գլուխ 2, «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020թթ.-ին») ներկայացված են աղքատության մակարդակի տարբեր ցուցանիշներ:

2020թ.-ի աղքատության մակարդակն ըստ աղքատության միջին գծի և հաշվարկված ըստ սպառման ագրեգատի՝  կազմել է 27% (էջ 32): Իսկ «Աղքատության միջազգային մակարդակը Հայաստանում և համադրելի երկրներում» խորագրով 2.6 հատվածում (էջ 44-ից սկսած) ՀԲ-ի թիմի կողմից ըստ գնողունակության համարժեքության 2011թ. (ԳՀ 2011թ.) հաշվարկվել և հրապարակվել են աղքատության մակարդակի այլընտրանքային սահմանագծերի հիման վրա աղքատության տարբեր մակարդակներ՝ ցուցանիշներ:

Ըստ ՀԲ-ի (տես՝ վերոհիշյալ զեկույցի էջ 45) «Բարեկեցության այս ագրեգատների հիման վրա Համաշխարհային բանկը երկրների համար իրականացնում է աղքատության մակարդակի միջազգայնորեն համադրելի գնահատումներ՝ կիրառելով աղքատության միջազգային և ըստ եկամտի դասի գծերը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար Համաշխարհային բանկն օգտագործում է աղքատության միջազգային գիծը և ԳՀ 2011-ով աղքատության գծերը` օրական 3.2 ԱՄՆ դոլարի և 5.5 ԱՄՆ դոլարի հաշվարկով»:

Նույն զեկույցում զետեղված 2.7 և 2.8 գծապատկերների (էջ 47 և 48), ՀՀ-ում աղքատության մակարդակը 2020թ.-ին, ըստ աղքատության միջազգային գծի, օրական մեկ շնչի հաշվով 1.90 ԱՄՆ դոլարի (ԳՀ 2011) կազմել է 0.4%, ըստ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների դասում, օրական մեկ շնչի հաշվով 3.20 ԱՄՆ դոլարի (ԳՀ 2011)` 6.9%, և  ըստ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների դասում, օրական  մեկ շնչի հաշվով 5.50 ԱՄՆ դոլարի (ԳՀ 2011)` 44.7%:

Այլ կերպ ասած՝ ՀԲ-ի 2021թ.-ի համար կանխատեսած 48% աղքատության մակարդակի ցուցանիշը վերաբերվում է 2020թ.-ին արձանագրված 44.7% ցուցանիշին, երբ սպառման ագրեգատով հաշվարկված ցուցանիշը 2020թ.-ին կազմել է 27%:

257