
«Երկու ամիս էր մնացել օջախիս ծխի վառվելուն. աղջիկ էլ ունեմ, բայց աղջիկս «ղուշ» ա, թռչելու ա գնա, իսկ Դավիթս օջախիս ծուխը վառողն ու օջախս ծաղկեցնողն էր լինելու»,- թեւաթափ, արցունքն աչքերին ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Վարդանյանի հայրը. Դավիթը ընտանիքի միակ արու զավակն էր:
20-ամյա Դավիթը բանակ է զորակոչվել 2020 թ.-ի օգոստոսի 11-ին, ծառայել`Արցախի Հանրապետության «Եղնիկներ» զորամասում. «Դավիթս իրականում 2021 թ.-ին պետք է բանակ զորակոչվեր, բայց, իմանալուն պես, որ ընկերները 2020 թ.-ին են մեկնում ծառայության, չկարողացավ նստել տանը, թակեց յուրաքանչյուր դուռ ու արեց ամենը, վայրկյան շուտ ընկերների կողքին մեկ շարքում կանգնելու համար»:
Ծառայության մասին հոր հետ խոսելիս Դավիթը մշտապես հետեւյալ խոսքերն էր կրկնում` անում ու անելու է ամենը Հայոց բանակի զինվորի կոչմանն արժանի լինելու համար։ «Դավիթս նաեւ իր սիրելի արտահայտությունն ուներ`«տոչնի ա սաղ», պապ ջան, ու ամեն զանգի վերջում դա էր կրկնում` անկախ նրանից, թե իրավիճակն ինչպիսին ա տվյալ պահին։ Էդ խոսքից հետո բոլորիս ներսը խաղաղվում էր»:
Սակայն, հերոսի ծառայության մեկնարկը խաղաղ չտրվեց. բանակ զորակոչվելուց մեկ ամիս անց, սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Չնայած նորակոչիկ լինելուն, առաջին իսկ օրից Դավիթը մարտի թեժ կետերում էր` անձնուրաց կռիվ տալու Հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար. «Սարսափելի դաժան օրեր են եղել մեր ընտանիքի համար, վերջին անգամ որդուս հետ խոսել ենք մինչ պատերազմի սկսվելը` սեպտեմբերի 25-ին, իսկ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի լուր չենք ունեցել, եւ միայն դեկտեմբերի 22-ին, երբ եկավ արձակուրդ, նոր իմացանք, որ Դավիթս 18 օր շրջափակման մեջ է եղել»:
2022 թ.-ի ապրիլ ամսին Դավիթին հաջողվել է 15-ից ավելի զինտեխնիկա խոցել, ինչի համար հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքի` ստացել 15-օրյա արձակուրդ. «Աշխարհը մերն էր, որ երեխես եկել էր, տունս լցվել էր աննկարագրելի ջերմությամբ, դեռ չգիտեինք, որ մայիսի 16-ը մեր ընտանիքի ամբողջական լինելու վերջին օրն ա լինելու»:
Արձակուրդն ավարտվելուն պես, Դավիթը դիրքեր բարձրացավ, սակայն մարտական հերթապահություն իրականացնելու 5-րդ օրը` մայիսի 28-ին, հակառակորդի կրակոցից ոտքի աճուկային հատվածում վիրավորում ստացավ, տեղափոխվեց հիվանդանոց, սակայն մեկ օր անց մահացավ. «Ամբողջ երկու տարի աչքս դռանը` որդուս եմ սպասել, թվում էր` սարսափելին` պատերազմը, հաղթահարել ենք ու էլ անհանգստանալու ոչինչ չկա, բայց արի ու տես...»:
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով հայոց հողը դարձյալ բազմաթիվ զոհեր տվեց` հերոսների թիվը համալրվեց նոր անուններով։
Փառք բոլոր մեր նահատակված հզոր արծիվներին։