Պատերազմական իրավիճակում հանրությունը չպետք է ակնկալի պետությունից ամենժամյա կտրվածքով ակտիվ տեղեկատվության տրամադրում օպերատիվ իրադրության վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշել է, որ դա հղի կարող է լինել ծանրագույն հետևանքներով՝ հատկապես երբ զինված ուժերը պաշտպանական գործողություններ են իրականացնում և իրավիճակը անգամ րոպեների ընթացքում կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել:
Ըստ Աբրահամյանի՝ իսկ պետությունը չպետք է թողնի միջնաժամկետ կտրվածքով տեղեկատվական վակումի առաջացում: Դա ևս հղի է ծանրագույն հետևանքներով՝ պետության և հատկապես բանակի ղեկավարության նկատմամբ հասարակության վստահությունը կորցնելու տեսանկյունից: Որովհետև պատերազմական իրավիճակում բանակի և պետության նկատմամբ վստահության անկումը, էլ չասած՝ բացակայությունը գրեթե երաշխավորված պարտություն է: