Ջո Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար մտադիր է առաջարկել Լին Թրեյսիի թեկնածությունը։

2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Նա ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ փոխդեսպան Թուրքմենստանում ԱՄՆ դեսպանությունում: 2006-2009թթ. Պակիստանում ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգևի: 2004-2006 թթ. նա ղեկավարել է Ղազախստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը:

Լ. Թրեյսին նաև ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) և Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

625