ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.

Վանո Սիրադեղյանը՝ Ստամբուլյան խարտիայի մասին. Վիրտուալ հայրենիք. Ճակատագրի հեգնանքը 2000թ.

«Երիցս իրավացի է Ստեփան Գրիգորյանը՝ պնդելով, որ Արցախի կարգավիճակը Քոչարյանը կանխորոշել է Ստամբուլի վեհաժողովին ստորագրությամբ ճանաչելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Այսինքն, Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Սա՝ դե յուրե: Դե ֆակտոն տեխնիկայի հարց է: Իսկ երեք տարի տեւած իր եւ Օսկանյանի տերմինակոխ դատարկախոսությունը ժողովրդի աչքին թոզ փչելու համար էր: Գրիգորյանը, սակայն, ջուր է լցնում դատարկապորտ գործիչների եւ արդեն իրական հանցագործ ռեժիմի ջրաղացին, ասելով, թե սրանցից խաբեությամբ են ստորագրություն կորզել, խոստանալով Արցախի հարցը լուծել: Մնում է ավելացնել, որ ստորագրելուց առաջ Ստամբուլի բանտ են մտցրել ու... ծեծել են:

Պետք չէ ավելի ծանծաղեցնել հայ ժողովրդի դիվանագիտակցությունը (իրավագիտակցության նմանությամբ) նենգամիտ տերությունների մասին հեքիաթով: Խաբել... խաբելու փորձ կարող են անել չնչին երկրների չնչին ղեկավարները միայն: Լուրջ երկրները այդ բանը իրենց թույլ չեն տալիս թեկուզ միայն այն պատճառով, որ դրա կարիքը չունեն: Շիտակ ասված է, որ հարցը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով: Ասել է թե՝ խաղաղ, առանց ղալմաղալի ձեր զորքերը դուրս բերեք ուրիշի տարածքից: Եւ եթե միառժամանակ թույլ են տալիս քեզ դնես էշի մոտերքում բռնված տղայի տեղ (իբր, չվան էիր ուզում), դա չի նշանակում, թե խաբեցիր:

«Չպիտի լինեն հաղթողներ եւ պարտվողներ» բանաձեւը, որ հրամցրին երեք տերությունների ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ, մի բան է նշանակում՝ վերադարձ 1988 թիվ: Ոչ թե 1997-98թթ., որը ենթադրում է բանակցությունների սառեցման պահը, այլ 1988թ.: Չէ՞ որ պարտություններն ու հաղթանակները տեղի են ունեցել 1988 թվականից հետո:

Ահա եռամյա քաղաքական անմեղսունակության պտուղները:

Ահա թե ինչու մեծ տերությունները ամբողջ երկու տարի ձեւ էին անում, թե բանակցություններ են ընթանում: Սպասում էին Ստամբուլում: Սպասում էին տարածքային ամբողջականության սկզբունքը՝ նաեւ նորանկախ պետությունների կողմից ամրագրելուն: Ահա թե ինչու հանդուրժեցին հեղաշրջումն ու հակասահմանադրական ընտրությունները 98-ին եւ գրեթե ժողովրդավարական համարեցին վայրագ պառլամենտական ընտրությունները 99-ին: Ահա թե ինչու կուլ տվեցին պառլամենտի գնդակահարությունը Ստամբուլից շաբաթներ առաջ:

Եւ ահա թե ինչու Արեւմուտքը խստագույն բծախնդրություն էր հանդես բերում 1996թ. նախագահական ընտրությունների հանդեպ՝ ի տարբերություն 1999-ի:

Եւ, վերջապես, ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը զիջեց իշխանությունը: Զիջեց ոչ թե այն պատճառով, որ ինքը իրեն լեգիտիմ չէր զգում, ինչպես մինչեւ հիմա կարծում էինք միամիտներս, եւ ընտրություններն էլ կասկածի տակ առան ոչ թե այն պատճառով, որ էդպես կասկածելի էին, այլ որովհետեւ դեմը Ստամբուլ կար: Իսկ տերություններին ձեռ էր տալիս ընթացող բանակցությունների սառեցումը մինչեւ խարտիայի ստորագրումը: Իսկ Տեր-Պետրոսյանը՝ կռահելով մեր գլխին գալիքը, հակառակը՝ շտապում էր օր առաջ խաղաղարար ուժեր մտցնել հակամարտության գոտի, որպեսզի Ստամբուլից շատ առաջ հաշտության պայմանագրի ստորագրման ընթացքը անշրջելիորեն առաջացած լիներ, եւ ոչ թե բանակցությունները սառեցվեին եւ ապա անհուսալիորեն հաջորդեին տարածքների ամբողջականության ճանաչմանը:

Տարբերությո՞ւնը. մինչեւ խարտիայի ստորագրումը արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը նման համապարփակ փաստաթղթով վավերացված չէր: Իսկ 1999 թվականից հետո այլեւս վավերացված է:

Այն, ինչ ուզում էին մեծ տերություններն ու Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, հասկանալի է, բայց ինչի՞ էին ձգտում «Արցախի իշխանությունները» Հայաստանի «ազգային-կոմունիստական-ժողովրդավարական» եռասեռ կողմնորոշման կուսակցությունների հետ, երբ սկսած զինադադարից՝ վիժեցնում էին նախագահի կանխարգելիչ ծրագիրը՝ համարելով դա պարտվողական:

Գիտակցո՞ւմ է Քոչարյանը թե ինչ է ստորագրել Ստամբուլում: Թերեւս, գիտակցում է: Իսկ գիտակցո՞ւմ էր այն ժամանակ, երբ վիժեցնում էր նախագահի ծրագրերը, ապա եւ՝ գործի էր դրել իշխանությունը զավթելու մեխանիզմը: Համոզված կարելի ասել՝ ոչ: Որովհետեւ թե՛ ինքը, թե՛ իր գաղափարակից տղերքը զմայլված էին իրենք իրենցով, որ դեսպանատներում իրենց մարդատեղ են դնում, որ մարդամեջ են մտնում միջազգային մանր-մունր հավաքներում եւ անհետեւանք շաղակրատում «ընդհանուր պետություն», «զուգահեռ հարաբերություններ» եւ այլ անհեթեթություններով: Եւ որ զրուցակիցները քաղաքավարությամբ լսում էին, դրանից եզրակացնում էին, թե քաղաքագիտության եւ դիվանագիտության ասպարեզում նոր խոսք են բերել Ֆիզուլու կողմից: Չէին մտածում, որ ունկնդիրները այդպիսի բաներ հարյուրավոր անգամներ լսել են Աֆրիկայի ու Համաշխարհային օվկիանոսի կղզիների վայրենիներից: Եւ իհարկե, իրենց հաշիվ չէին տալիս, որ լսելով են հավաքագրում դավադիրներին ու դավաճաններին: Եւ ոչ միայն լսում, այլեւ շիրա էին տալիս, որ անզիջում լինեն: Չէ՞ որ սրանց անզիջում լինելը խափանում էր Հայաստանի իշխանությունների ծրագիրը, ինչը դժվարություններ կստեղծեր Ստամբուլի փաստաթուղթը մշակողների համար:

Հետեւանքը եղավ այն, որ անզիջումը գնաց եւ ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմում ամրագրող փաստաթուղթը»:

312