Երևանի քաղաքապետարանն այս օրերին ծառատունկի նախապատրաստական վերջին աշխատանքներն է անում: 3 մետր հեռավորությամբ զուգահեռ իջնող խրամուղիները Ծիծեռնակաբերդի՝ համայնքին պատկանող անտառային գոտու վերականգնման համար են՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության մասնագետները նախքան գործը սկսելը երկար են ուսումնասիրել, փոխառել ժամանակին հենց այստեղ արված կանաչապատման փորձը: 

Աշխատանքների մեծ մասն ավարտված է, այժմ խրամուղիները հարստացվում են սևահողով: Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում կտնկվի շուրջ 6000 ծառ և թուփ: Լինելու են անտառային և դեկորատիվ տեսակներ, որոնք կապահովեն կայունություն և արտաքին տեսք:

Թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ. ընտրվող բոլոր ծառատեսակները հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:

Երևանի անտառային գոտու վերականգնումն այսօր քաղաքի կարևորագույն խնդիրներից է: Համայնքը մտադիր է մոտ 10 անտառային տարածքներ վերականգնելու համար ծառատունկ իրականացնել:

927