Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից  դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեծահասակը կինը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երկու անչափահաս երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի աշխատակիցները:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը: 

Գ . Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են ընտանիքի անդամներից 6 հոգի, որոնցից 3-ը տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:  Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։  

Վթարի փաստով Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնութունը։

869