Բեռլինը  պատրաստվում է պատասխանել Վաշինգտոնին՝ հունվարի 1-ից գնաճի նվազեցման ամերիկյան օրենքի ուժի մեջ մտնելուն, որը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) առևտրային պատերազմին․ այս մասին գրում է Politico թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հունվարի 1-ից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի 369 միլիարդ դոլարի չափով սուբսիդիաներ և հարկային արտոնություններ տրամադրելու մասին փաստաթուղթը՝ ԱՄՆ-ում «կանաչ» բիզնեսին աջակցելու համար։ Գերմանացիները մտավախություն ունեն, որ այս դեպքում կմեծանա ամերիկյան արտադրողների էլեկտրական մեքենաների վաճառքը։

Եվրոպացիների համար խնդիրն այն է, որ Վաշինգտոնի սխեման կխրախուսի ընկերություններին ներդրումներ կատարել Եվրոպայից և հաճախորդներին՝ «գնել ամերիկյանը», երբ խոսքը վերաբերում է էլեկտրական մեքենայի ձեռքբերմանը․ սա վրդովեցնում է ԵՄ խոշոր ավտոարտադրող երկրներին, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան:

Որոշ առաջատար գերմանական ընկերություններ ստիպված են կրճատել արտադրությունը էներգիայի գների աճի պատճառով։ Այս ֆոնին Բեռլինը (որպես ԵՄ տնտեսական լոկոմոտիվ) ցանկանում է, որ Վաշինգտոնը եվրոպական ընկերություններին հնարավորություն տա օգտվել ամերիկյան առավելություններից։ Սակայն, ինչպես նշել է Politico-ն, նման զարգացումը քիչ հավանական է թվում։

Օգոստոսի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել գնաճի նվազեցման մասին։ Այն ներառում էր էլեկտրական մեքենաների գնման խթանների ներդրումը, ինչը կօգնի սպառողներին տարեկան խնայել մինչև 950 դոլար:

Սեպտեմբերի առաջին կեսին բրիտանական The Guardian թերթը գրել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սպառնում է Գերմանիայում էլեկտրական մեքենաների ապագային։

540