Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, գրում է  shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։  Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։ Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում,  չի տուժել։  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Այս առիթով գրառում է կատարել նաև  Գևորգ Պապոյանը.

 

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա։

Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս։

 

1670