ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջարկում են անկանխիկ գործառնությունների պահանջը անմաքս խանութների համար վերացնել:
«Ըստ անկանխիկ գործարքների պահանջի՝ մինչև 300 հազար դրամ առևտրի ժամանակ է թույլատրվում կանխիկ վճարումներ անել, իսկ դրանից բարձր գործարքների դեպքում անկանխիկ վճարման պահանջ կա, այդ սահմափակումն առաջարկվում է անմաքս խանութների համար վերացնել»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ անմաքս առևտրի խանութները տարբեր առումներով բացառությունների դաշտում են գործում: «Բայց գլխավոր պատճառն այն է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղի է ունեցել մեծ ծավալի առևտուր հիմնականում կանխիկ եղանակով և հիմնականում հայկական ծագման ապրանքներ՝ խմիչքներ: Այդ ապրանքները հիմնականում գնել են այն մարդիկ, որոնք Հայաստանից մեկնում են Ռուսաստան»,-ասաց նա և նշեց, որ այսօր այդ առևտուրն անգամներով նվազել է:
Ըստ նրա՝ այս սահմանափակումները վերացնելով՝ անկանխիկ գործառնությունների նպատակից չեն շեղվի: