
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է N բանակային զորամիավորում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։
Այնուհետև Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։
Զրույցի ընթացքում հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։
Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։