

Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը, և 2021 թվականին ՀՀ–ում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս։ Այս մասիհն այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ եթե մենք համեմատում ենք 2020 թվականի հետ, ապա ունենք որոշակի նվազում. 2019 թվականի նկատմամբ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության նվազում։
Վարչապետը հիշեցրեց, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում, և դրա համար ավելի վաղ շրջանի հետ չեն կարող համեմատել։ «Մենք ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0,1 տոկոս աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0,8 տոկոսով աճ է ապրել»,– ասաց նա և նշեց, որ սա ցույց է տալիս, որ 2020 թվականի քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով կիսով չափ կրճատել են, սակայն երբ քովիդն ավարտվել է և միջոցառումները ևս, վերադարձել և մի փոքր ավելացել է նախկին ցուցանիշից։ Նա նշեց, որ ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն տրվում աղքատության վերաբերյալ։
«Մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խոր վելուծենք։ Իմ համոզմունքն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով և մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական ոլորտի մեր քաղաքականությունը, քանի որ աշխատանքի շուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք։ Մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը, և ահազանգեր ունենք մասնավոր հատվածից, որ աշխատող գտնելու խնդիր ունեն»,– ասաց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրության կոմիտեի այլ տվյալներով՝ 9800 թափուր աշխատատեղ կա։ «Գրանցված գործազուրկների այս տարվա թիվը 50 400 է՝ 2021 թվականի համեմատ 8 հազարով նվազել է»,– ասաց նա և նշեց, որ վերլուծություն են իրականացրել, թե առաջին երեք տարիներին որ ոլորտներում է, որ աշխատուժի պահանջարկը մեծանալու է, և դրանք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, մեծածախ, մանրածախ առևտուրը, փոխադրումները, ՏՏ ոլորտը և առողջապահական սպասարկումը։