ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցերին պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջադրված Քրիստինա Քվիենը։ 

Նա, մասնավորապես, պատասխանել է Բոբ Մենենդեսի հարցերին, որը դարձյալ հիշեցրել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև այլ ռազմական հանցագործությունների մասին՝ հարց ուղղելով՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:

«Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի»,– պատասխանել է Քվիենը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ նման հանցանքների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իր համար շատ կարևոր է:

Նա շեշտել է, որ հաստատվելու դեպքում խոստանում է աշխատել՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը և տնտեսությունը… ընդհանուր առմամբ՝ նրա ինքնիշխանությունը։

«Հայաստան-Ադրբեջան հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի ավելի ապահով Հայաստանի և Հարավային Կովկասի բարեկեցիկ ապագայի համար. Միացյալ Նահանգները փնտրում է երկկողմ և բազմակողմ ուղիներ՝ օգնելու կողմերին հասնել խաղաղ, տևական, կարգավորման՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»,- հավելել է Քվիենը։  

881