Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշխատանքները մի քանի ամսով բոյկոտելը, հայտնի ասացվածքի ոճով ասած, մի խայտառակություն էր, բոյկոտից հետո ԱԺ վերադառնալը՝ երկու։ Երկրորդ շաբաթն է, ինչ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը, եւ արդեն իսկ ականատեսն ենք ներթիմային անհաշտության դրսեւորումների, ինչպես նաեւ մանդատը վայր դնելու տրամադրվածության։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ անդրադարձավ իր` մանդատը դնելու հարցին։

«Նման քննարկում եղել է կուսակցությունում, բայց ՀՅԴ֊ն որոշել է, որ խորհրդարանի կուսակցական պատգամավորները պետք է մասնակցեն նիստին»,- նշեց նա։

Նկատենք, որ, առաջինը, ով գիտակցեց փողոցային պայքարի ֆիասկոն ու ամիսներ առաջ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր (հունիսի 21-ին)։ ժամանակ անց՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը (հուլիսի 4-ին), այնուհետեւ՝ Մեղրիի նախկին ՀՀԿ-ական  քաղաքապետ Մխիթար Զաքարյանը (հոկտեմբերի 4-ին)։ «Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ»,- մասնավորապես նշել էր Զաքարյանն իր հայտարարության մեջ՝ շեշտելով, թե շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։

Իսկ ահա Արամ Վարդեւանյանն իր՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարության մեջ մասնավորապես նշել է․ «Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները»։ Ապա հավելել՝ «այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք․ անելիք շատ կա»։ Վարդեւանյանը, նշենք, մինչեւ պատգամավոր դառնալը  (2018-2021թթ.) եղել է «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենը։

Մանդատները վայր դրած պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ-ն դեռ ամռանն էր մտադիր գործընթաց սկսել։ 

986