Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Գրառման մեջ ասված է․

«2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո ադրբեջանական կողմը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:

Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են:

Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:

Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:

Ուստի, հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»:

910