Դատարանը վերադարձրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ FIP.am-ի գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի ներկայացրած հայցադիմումը:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Կարապետյանը սույն թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Չախոյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ: Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի աշխատակազմին է հանձնվել սեպտեմբերի 27-ին:

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին դատավոր Արմինե Սաֆարյանը որոշել է Կարապետյանի հայցադիմումը հետևյալ պատճառաբանությամբ հետ վերադարձնել.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում է հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը: Տվյալ դեպքում դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրել է, որ հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկի 4-րդ կետում նշվել է. «http://medianews.site կայքից քաղվածքներ-4-թերթ:»:
Մինչդեռ հայցվորի վերը նշած կայքից արտատպված փաստաթղթեր դատարան է ներկայացվել 2 թերթ:

Ավելին՝ հայցադիմումին կից դատարան է ներկայացվել www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգից արտատպված փաստաթղթեր (2 թերթ), որոնց մասին հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկում նշում չի կատարվել, ինչից հետևում է, որ առկա է անհամապատասխանություն հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկի և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի միջև:

Հետևաբար, դատարանը գտնում է, որ նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով հայցադիմումը ենթակա է վերադարձման:

Այսպիսով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն որոշմամբ արձանագրված հիմքերով հայցադիմումը վերադարձվելու դեպքում հայցադիմումում առկա թերությունը վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու համար տրամադրվում է եռօրյա ժամկետ, դատարանն արձանագրում է, որ սույն որոշումն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումում առկա թերությունը վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ներկայացված կհամարվի այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Միաժամանակ, Դատարանը հայցվորի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկի 10-րդ կետում նշվել է. «Հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենների մեկ փաթեթ՝ պատասխանողին ուղարկելու համար-27-թերթ», մինչդեռ հայցադիմումին կից դատարանին է ներկայացվել հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, 29 թերթից»:

 

897