
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Փարիզում քրդերի գործողությունների ժամանակ «հակաթուրքական քարոզչության» առնչությամբ։
Ֆրանսիայի դեսպանը տեղեկացվել է Անկարայի դիրքորոշման մասին։ Թուրքական կողմը նաև իր ակնկալիքն է հայտնել, որ Ֆրանսիան թույլ չի տա «ահաբեկչական կազմակերպությանն» առաջ տանել իր «նենգ ծրագրերը»։
Դեկտեմբերի 23-ին տարեց տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասում՝ քրդերի մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում։ Կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս երկուսը միջին ծանրության են։ Հանցագործը ձերբակալվել է.Դրանից հետո քրդերը դուրս են եկել Հանրապետության հրապարակ՝ բողոքելու կրակոցների պատճառով, որոնք, նրանց կարծիքով, ուղղված են եղել քրդական համայնքի դեմ։ Ցուցարարները կրակոցների համար մեղադրել են Թուրքիային և հակաթուրքական կարգախոսներ են հնչեցրել։ Անկարգությունների հետևանքով ցույցի ժամանակ տուժել է 31 իրավապահ, բերման է ենթարկվել 11 ցուցարար։ Նշվում է, որ ցույցին մասնակցել են որոշ ֆրանսիացի քաղաքական գործիչներ: