Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի հատվածում 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղի ունեցած ավտովթարի 6 զոհերից չորսը նույն ընտանիքից էին՝ Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի բնակիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանը, աղետալի ավտովթարին զոհ են գնացել Ավետիք Վաղինակի Աբրոյանը (1990 թ.), նրա կինը՝ Արմինե Վրեժի Շախնազարյանը (1993 թ.), նրանց դուստրը՝ Նարե Ավետիքի Աբրոյանը (2015 թ.) և նրանց որդին՝ Վաղինակ Ավետիքի Աբրոյանը (2018 թ.):

Նրանց հուղարկավորությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 11-ին Վարդենիկի գերեզմանատանը։

«Ավետիք Աբրոյանը մեր գյուղի խելացի, աշխատասեր ու համեստ երիտասարդներից էր, ով ընտանիքը կերակրում էր  մասնավոր շինարարական  աշխատանքով։ Նրանց ընտանիքում համատեղ ապրում էին նաեւ մայրը՝ 1955 թվականին ծնված Անահիտ Անդրանիկի Ղազարյանը, եւ Ավետիքի եղբայրը՝ 1993 թվականին ծնված Հայկ Վաղինակի Աբրոյանը։ Փաստորեն, այդ աղետալի ավտովթարից հետո 6 շնչից բաղկացած ընտանիքից մնացին երկուսը, իսկ Ավետիքի ծուխն ամբողջությամբ հանգավ։ Ցնցված է ողջ Վարդենիկը նման ծանր կորստից»,-ներկայացրեց Արմեն Ավետիսյանը։

Հունվարի 7-ի ավտովթարի մյուս երկու զոհերը Մարտունի համայնքի Լիճք գյուղի բնակիչներ էին՝ 23 տարեկան Նարեկ Կնյազյանը եւ 33 տարեկան Կարեն Իրիցյանը։

528