Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։

«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ, և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում։ Շնորհավորում եմ չեմպիոններին և բոլոր մրցանակակիրներին։ Մաղթում եմ, որ այս հաջողությունը շարունակեք զարգացնել նաև միջազգային մրցասպարեզում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։

Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոն է հռչակվել՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6,5 միավորով, իսկ լավագույն եռյակը 5,5 միավորով եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը:

 

«Հայաստանի առաջնությունն իրապես շատ ուժեղ մրցաշար է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մակարդակով։ Շատ ուրախ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ։ Շատ պարտավորեցնող է։ Սուսաննային հաղթելուց հետո համոզված էի, որ կկարողանամ նվաճել չեմպիոնությունը»,- խոստովանում է Մարիա Գևորգյանը։

 

Տղամարդկանց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։

«Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։ Շնորհավորում եմ բոլորիս առաջնության կայացման առթիվ։ Հայաստանի առաջնությունում հաղթանակն իսկապես կարևոր նվաճում է։ Ուրախ եմ, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի առաջնության հանդեպ։ Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ մեր մարզաձևի հանդեպ ունեցած հետաքրքրության և աջակցության համար»,- նշել է Սմբատ Լպուտյանը։

 

Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի խոսքով՝ վերջին տուրերում է իրապես հավատացել, որ կարող է պայքարել չեմպիոնության համար․«Առաջնության մեկնարկից առաջ ամենաբարձր նպատակներն էի դրել իմ առջև, բայց առաջին տուրում կրած պարտությունից հետո նպատակները փոխվեցին․ արդեն կարևոր էր առաջնությունը շատ վատ չավարտել, բայց երբ 7-րդ տուրում ոչ-ոքի խաղացի և ընդամենը կես միավոր էի զիջում Մանուելին, որոշակի հույսեր արթնացա։ Հայաստանի առաջնությունում հաղթելը մեծ պատիվ է։ Ուրախ եմ, որ արդեն Հայաստանի կրկնակի չեմպիոն եմ։ Մեծ ոգևորություն է համալրել Հայաստանի ազգային հավաքականի կազմն ու այդպիսի շախմատիստների կողքին հնարավորություն ունենալ մասնակցելու Եվրոպայի թիմային առաջնությանը»:

 

Նշենք՝ տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին, ինչի շնորհիվ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6,5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը:

883