
Մենք մինչև այսօր հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակներում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում կամ ապահովում ենք, որ այդ ծառայությունները մատուցվեն: Մենք այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ գլխավոր նպատակն այն է, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը լինեն այս համակարգի շահառուներ. «Երրորդ կարևոր հարցն այն է, որ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է, որը պահանջում է մի շարք ուղղություններով կարևոր աշխատանքներ և այս բարեփոխումների մեկնարկը դրա սկզբի հայտարարումն է: Առողջապահության նախարարությունը նախորդող տարիների ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ հետևողական քայլեր է ձեռնարկել և մենք ունենք մշտապես զարգացում այդ ուղղությամբ:
Մենք ակնկալում ենք, որ եթե նույնիսկ քաղաքացիների որոշ շրջանակներ պետք է համակարգին միանան տարիների ընթացքում, այնուամենայնիվ մենք հնարավորույթյուն ենք տալու, որ իրենք, գնահատելով մատուցվող ծառայությունների որակը, կամավոր ցանկություն հայտնեն և միանան համակարգին ավելի շուտ, քան դա նախատեսված է իրենց համար Կառավարուփյան այդ փուլային բարեփոխումների ժամանակացույցով: Մենք նախատեսում ենք, որ այս բարեփոխումը պետք է ուղեկցվի Կառավարության կողմից գալիք տարիների ընթացքում ոլորտին հատկացվող ֆինանսավորման զգալի ավելացմամբ:
Մենք հասկանում ենք, որ ներկա փուլում սա հայեցակարգային քննարկման և հայեցակարգը հաստատելու շրջանակն է, որ ներկայացված է քննարկման և հաստատման, բայց նաև կողմնորոշում է այն տեսանկյունից, որ մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք ներկայում առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը՝ ընդգծելով հանրային առողջության կարևորությունը»: