Բնակչության ծերացումն անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար: Սա բազմաթիվ վերլուծական կենտրոնների գերխնդիրներից է․ հարց, որի լուծման համար անհրաժեշտ են բազմաթիվ գործիքներ։

Ինքնին ծերացումը հատկապես ազդում է տնտեսական անկման վրա։ Նման ուսումնասիրություն են կատարել Moody's-ի վերլուծաբանները՝ եզրահանգելով, որ չնայած ԱՄՆ-ում և այլ զարգացած տնտեսություններում համաճարակային ճգնաժամից հետո տնտեսական վերականգնում է ընթանում, սակայն բնակչության ծերացման պատճառով աննախադեպ ժողովրդագրական անկումն արդեն հաջորդ տասնամյակում կհանգեցնի համաշխարհային աճի զգալի անկման: 

«Մեր գնահատականներով՝ ծերացումն ամենայն հավանականությամբ կնվազեցնի համաշխարհային տնտեսական աճը տարեկան 0,9 տոկոսային կետով՝ 2020-2025 թվականների ընթացքում»,- ասվում է զեկույցում։

Համաշխարհային բնակչության աճի դանդաղումը տեղի է ունենում մի քանի տարի արտադրողականության աճի անկման և համաճարակի պատճառով: Վերլուծաբանները նշում են, որ ծերացումը հետագայում կբարձրացնի հարկաբյուջետային բեռը, քանի որ ավելանում են առողջապահության և սոցիալական խնամքի ծախսերը:

Նրանք գնահատում են, որ աշխատունակ տարիքի բնակչության գլոբալ աճը հաջորդ երկու տասնամյակի ընթացքում կդանդաղի ավելի քան կիսով չափ: Եվրոպան կդառնա աշխարհի «ամենածեր» տարածաշրջանը, և մի շարք առանձին երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան և Կորեան, կբախվեն աշխատունակ տարիքի բնակչության նվազման խնդրին։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում աշխատունակ տարիքի բնակչությունը կաճի հաջորդ տասնամյակի ընթացքում, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով, քան նախորդ տասնամյակում, եզրակացրել են փորձագետները:

Աշխատունակ տարիքի բնակչության ավելի դանդաղ աճը կվիճարկի առողջապահության, սոցիալական ապահովության և բարեկեցության ծրագրերի երկարաժամկետ կայունությունը, ասում է Moody's-ը: Թեև ներգաղթը նախկինում առաջադեմ տնտեսություններում աշխատուժի աճի հիմնական բաղադրիչն է եղել, դրա ներկայիս տեմպերը չեն փոխհատուցում աշխատունակ տարիքի բնակչության դանդաղ աճը, հատկապես Եվրոպայում, ասում են վերլուծաբանները:

Փորձագետները նշում են, որ ծերացող շերտ ունեցող երկրներում տնտեսական աճի կարևոր աղբյուր կլինի կանանց և տարեց աշխատողների ընդգրկումն աշխատուժում: Բացի այդ, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը կարող է մեղմել բնակչության ծերացման բացասական հետևանքները:

Ըստ 2019-ին ՄԱԿ-ի բնակչության կանխատեսման (միջին տարբերակ)՝ աշխարհի բնակչությունը 2020 թվականին 7,8 միլիարդից մինչև 2030 թվականը կաճի 8,5 միլիարդի։ Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության միջին տարեկան աճի տեմպերը նվազում են՝  2,1%-ից (1965-1970 թվականներին) մինչև 1,1% (2015-2020 թվականներին)՝ կանխատեսվող հետագա դանդաղումով:

Նման ֆոնին բնակչության ծերացումը լրջագույն խնդիր է նաև Հայաստանի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշների համաձայն՝ երկրի բնակչությունը համարվում է ծեր, եթե 65 տարեկան և բարձր տարիքի մարդկանց համամասնությունը գերազանցում է 7%-ը։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, 2050 թվականին Հայաստանի բնակչության 4-ից 1-ը լինելու է տարեց, ինչը շատ լուրջ մարտահրավեր է զուտ անվտանգության գործակցի և երիտասարդների ուսերին ընկնող սոցիալական, առողջապահական, կենսաթոշակ վճարելու բեռի առումով։ Երիտասարդների թիվը գնալով նվազում է, իսկ տարեցներինն աճում։

Միջազգային փորձը վկայում է՝ այնտեղ, որտեղ  նման խնդիրները սուր են արտահայտված, կառավարությունը առաջարկում է 2 սցենար՝ բարձրացնել կենսաթոշակային տարիքը, ինչը անցանկալի է, քանի որ կնշանակի ստիպել ավագ սերնդին մինչև խոր ծերություն աշխատել, և 2-րդ միջոցը՝ հարկերի ավելացումն է՝ արդեն իսկ ծանր հարկային պայմաններում:

Առաջին սցենարը բավականին խնդրահարույց է նման օրինակով փորձել է շարժվել Ֆրանսիան, ինչի արդյունքում երկրում աշխատողները դուրս եկան փողոց գործադուլներով՝ բողոքելով կառավարության՝ կենսաթոշակային տարիքը երկու տարով (մինչեւ 64 տարեկան) բարձրացնելու ծրագրերի դեմ։

Մյուս սցենարը ևս ցանկալի չի,  քանի որ հարկային բարձր բեռը կմնա աշխատողների ուսերին․ այսինքն՝ ավելի փոքրաթիվ աշխատուժը կաշխատի և մեծ հարկեր կվճարի, որպեսզի կարողանա աջակցել ծերերի սոցիալական, տնտեսական, առողջապահական հարցերին։

Սրա լուծումը կախված է միայն  ծնելիության աճից, ներգաղթից․․․

Սակայն սա բավական երկար գործընթաց է, խնդիրը բավականին  տարողունակ է, յուրաքանչյուր ոք պիտի հասկանա, որ ամեն երեխա իր հետ ինչ-որ չափով լուծում է բերում հարցին։

Հասարակության մեջ երեխաների աճը կբերի կայուն տնտեսական աճի, որը կնպաստի թե՛ այդ երեխան ունեցողների, թե՛ ապագայում այդ քաղաքացու ապահով և բարեկեցիկ կյանքին։

 

1039