Ներկայումս Հայաստանը գտնվում է  ամենաբարդ ժողովրդագրական գործընթացների փուլում, քանի որ արդեն ակնհայտ դարձած բացասական միտումները սկսել են կրել շարունակական բնույթ։

Մեր երկրում ամենահրատապ մարտահրավերը ծնունդների և ամուսնությունների թվաքանակի նվազումն է։

Ավելին, նորաստեղծ ընտանիքները չեն շտապում երեխա ունենալ, իսկ ունենալու դեպքում չեն պատրաստվում դառնալ բազմազավակ։

Սա պայմանավորված է մի շարք գործոններով՝ թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական։ Ծնողները նախընտրում են ավելի շատ կայանալ, ֆինանսապես առավել ապահով դառնալ, ինչը երբեմն հանգեցնում է նաև նրան, որ ցանկություն չի առաջանում շատ երեխաներ ունենալու։

Այս ամենի համատեքստում հատկապես խնդիր է աշխատող կանանց համար, որովհետև ՀՀ-ում մի շարք ձևավորված կարծրատիպեր կան այն մասին, որ ամուսնացած կանայք ավելի բարդ են աշխատանք գտնում՝ կապված հետագայում երեխա ունենալու հետ, քանի որ գործատուն մտածում է, որ նա շուտով երեխա կունենա, իսկ ինքը ստիպված կլինի նոր աշխատող փնտրել։

Սրան զուգահեռ ամուսնացած կանայք կանգնում են աշխատանքի եւ ընտանեկան պարտակությունները համադրելու խնդրի  առջև։ Նման խնդիրները հաճախ խանգարում են երեխա ունենալուն, քանի որ աշխատաշուկան ինչ-որ ձևով «ճնշում» է կանանց, սակայն պետությունը փորձում է հնարավորինս հարմար պայմաններ ստեղծել երեխա ունեցող ծնողների համար։ Այն երեխա խնամող ծնողների համար լրացուցիչ աշխատանքային արտոնություններ և երաշխիքներ է սահմանել։ Ըստ այդմ՝ ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերը կունենան հետևյալ որոշակի երաշխիքներն ու իրավունքները՝  

  • երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի,

  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։  Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան,

  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ,

  • մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո,

  • մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ,

  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ,
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ,

  • մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն. 

  • երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը,

  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ,

  • մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է,

  • եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը,

  • գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում է միջին ժամային աշխատավարձը։

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

 

894