Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF - Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։

Դեպքի հետ կապված՝ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան) Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին, և որոշվել է, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը՝ վարորդներին հորդորում են երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։

Հիշեցնենք՝ Դիլիջանի համայնքապետարանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ինչպես են բնակիչները մոտենում, հիանում կենդանիների գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը:

409