Մեր զրուցակիցը  բեսթսելլեր գրքերի հեղինակ, մոտիվացիոն խոսնակ, քոուչ, հոգեբան, «Հաջողության դպրոցի» հիմնադիր, «Հաջողակ կին» ՀԿ նախագահ Արփի Վանյանն է։

–Հարգելի Արփի, Ձեր գրքերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, մանավանդ երեխաների դաստիարակությանն  ու կանանց  մտածելակերպի փոփոխությանն ուղղվածները։ Ինչու՞ է այդպես։

–Երբ ստեղծում էի «Ինչպես դաստիարակել երջանիկ ու հաջողակ երեխա» և «Ինչպես դառնալ երջանիկ ու հաջողակ մարդ՝ ամենակարևոր գիրքը դեռահասների համար» գրքերը, գիտեի, որ դրանք  հետաքրքրություն կառաջացնեն, բայց որ այսքա՜ն․․․ Թեկուզ, իհարկե, սա պատահական չէ մենք չունենք ծնողավարության ինստիտուտ։

Մեզ մոտ շատ դեպքերում ընտանիք են կազմում ոչ միայն պատրաստ չլինելով ծնող դառնալուն, այլև բացարձակ պատկերացում չունենալով այդ ոլորտից։

–Ինչու՞ է այդպես, որտեղի՞ց է դա գալիս։

–Պատճառները մի քանիսն են սեփական ընտանիքի մոդելը, որտեղ ամուսնացողների ծնողները ևս  չէին տիրապետում ծնողավարության կանոններին, ու նաև  այդ գիտելիքները ոչ դպրոցներում են տրամադրում, ոչ բարձրագույն հաստատություններում, ոչ էլ ծնողներն են փոխանցում։

–Ու ստացվում է, որ  ինչպես իրենց են դաստիարակել, այդպես էլ նրա՞նք են դաստիարակում իրենց երեխաներին։

–Մեծ հաշվով «դաստիարակություն» չկա էլ, կա սեփական օրինակ ու, այո, ստացվում է, որ ինչ օրինակ տեսել են, նույնն էլ անում են, երբեմն  գիտակցելով, որ դա սխալ է, տեսնելով  այդ քայլերի  վատ, հաճախ նաև շատ ցավոտ  հետևանքները, բայց ենթագիտակցորեն անում են, որովհետև այլ մոդել չունեն կամ այլ տեղեկատվության  չեն տիրապետում։

–Համացանցում շատ են արձագանքներն այն ընթերցողներից, որոնց օգնում են ձեր գրքերը,  այսինքն՝ նրանք կարողանու՞մ են փոխել իրենց մտածելակերպը։ Դա հնարավո՞ր է։

–Այո, իհարկե, հնարավոր է, մանավանդ, որ  այն, ինչ մինչ այդ կար, ԻՐԵ՛ՆՑ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ չէ,  այլ ծնողների, հասարակության, շրջապատի կողմից թելադրված ծրագիր, որը նրանք ընդունել են որպես իրենց մտածելակերպ։ Շա՜տ ոգևորիչ նամակներ եմ ստանում, շա՜տ ճակատագրեր են փոխվում, ինչի համար երջանիկ եմ ու շնորհակալ Աստծուն, Ճակատագրին, Կյանքին։

– Աստծուն, Ճակատագրին, Կյանքին։

–Այո, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի, որը կայանում է նրանում, թե իրեն տրվածով այս աշխարհը գոնե մի՜ քիչ փոխի դեպի լավը։ Ես շնորհակալ եմ, որ կարողանում եմ իրականացնել իմ առաքելությունը, իմ չափով փորձելով աշխարհը գունավորել։

–Արփի, Դուք հիմա նաև նոր գործունեություն եք սկսել՝ մանկական զարգացման կենտրոններ եք ստեղծում ու հատուկ ձե՛ր ծրագրով։ Ո՞րն է նպատակը։

- Նպատակը՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ  երեխաները կսովորեն, ձեռք կբերեն այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանց կդարձնեն  ինքնուրույն,  մոտիվացված, մտածող, տրամաբանող, վերլուծող,  նպատակասլաց, չվախեցող, ճիշտ շփվող,  կոնֆլիկտային իրավիճակներ հարթող, բանակցելու արվեստին տիրապետող։

Մեր զարգացման կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխա   հոգեբանորեն պատրաս կլինի  և՛ դպրոցին, և՛ հասուն կյանքին։ Ու կլինի հաջողակ 21-րդ դարում։

–Հաջողություն եմ մաղթում այդ հայրենանվեր գործին և ուզում եմ հարցնել, իսկ հայ հայրերն ինչպես են վերաբերվում ծնողավարությանը, ձեր սեմինարներին, թրեյնինգներին  հայրեր ևս մասնակցու՞մ են։

–Հայրերի թեման ավելի լուրջ է։ Չգիտես ինչու, հայրերի մեծ մասը կարծում է, որ իրենք երեխաների դաստիարակության հետ կապ չունեն ու դա իրենց գործը չէ, կամ էլ  «դաստիարակություն» ասվածը  հյուսված է լինում  դիտողություններից, արգելքներից, անհիմն խստությունից, քննադատությունից,  ուժեղ վերահսկողությունից և այլն։ Երկու դեպքերն էլ սխալ են ու բերում են շատ  տխուր հետևանքների։

Ուստի «ծնողավարությունը» վերաբերում է երկու ծնողներին էլ։

 

Արև Հայրապետյան

 

 

 

380