
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Ըստ աղբյուրի, մահացածները Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն են: Սարգիս Ա.-ն աշխատում էր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում: