ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգ ներդնել։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի տեղակալը նշել է, որ առաջարկվում է ներդնել Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ:
Մանրամասն ներկայացնելով ատեստավորման ընթացակարգը՝ Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այն, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: