Armtimes.com-ը գրում է․
Սերժ Սարգսյանն ակնհայտորեն գերդոզավորում է ստացել՝ ընդդիմության քարոզչական նարատիվներն անընդհատ լսել-կրկնելով, եւ առանձնակի հաճույքով է «թութակում» հատկապես այն թեզերը, որոնցում հղում կա իր սիրելի դասականի՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի խոսքին։
Օրերս կրկնելով նրա մտքի արգասիքներից մեկը՝ Սարգսյանն ազդարարել է՝ ՀՀ գլխավոր բանակցողը պետք է փոխվի, քանի որ Ալիեւը նրան հրապարակավ անվանել է «հարբած ծաղրածու» եւ «կեղտոտ լաթ»։
Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ գլխավոր բանակցողը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ, ուշադրություն, վատ, անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ բանակցող է, այլ․․․ քանի որ հակառակորդ կողմը՝ Ալիեւը, նրա հասցեին «փիս-փիս» բաներ է ասել։ Հետեւապես, ըստ սերժսարգսյանական տրամաբանության, նրա փոխարեն պետք է գա մի նոր՝ «սթափ ու մաքուր» բանակցող ու բանակցությունները, ինչպես ասում են, տեղը գցի։
Ինչն է ուշագրավ՝ Սերժ Սարգսյանը, խոսելով նոր բանակցողի մասին, կանխավ շեշտում է, որ ինքը չի հավակնում լինել այդ՝ ենթադրյալ բանակցողը՝ հավանաբար հաշվի առնելով այն պարամետրերը, որոնց պետք է բավարարի վերջինս՝ «սթափ եւ մաքուր»։ Համաձայն ենք՝ Սերժ Սարգսյան, բանակցող, սթափություն, մաքրություն հասկացությունները հակոտնյա են, եթե չասենք՝ օրգանապես անհամատեղելի։
Ի դեպ, քանի որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները սիրում են Ալիեւին ցիտել, մենք էլ վարվենք նրանց պես ու մեջբերենք Ադրբեջանի նախագահի մտքի արգասիքներից այս մեկը․ 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Բաքվում՝ Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողովում, Ալիեւը հայտարարել էր, թե ստերի թվով Սերժ Սարգսյանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Որպես օրինակ՝ նա նշել էր, թե քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանը հետ է վերադարձրել ոչ թե 800 հեկտար տարածք, ինչպես Սերժ Սարգսյանն է պնդում, այլ՝ 2000 հեկտար:
Բացի այդ, Ալիեւի խոսքով, Ադրբեջանը դրա շնորհիվ վերահսկողություն է հաստատել վիթխարի տարածքների նկատմամբ: Ալիեւը մեկ այլ բացահայտում էլ էր արել՝ նշելով, թե Սերժ Սարգսյանը Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ ստել է՝ ասելով, որ Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին միջնորդել ռազմական գործողությունների դադարեցման համար:
«Ադրբեջանը Ռուսաստանից ոչինչ չի խնդրել: Ադրբեջանը հակահարձակման ընթացքում հետ է գրավել իր տարածքները, իսկ Հայաստանը 2-3 օր փորձում էր հետ վերադարձնել այդ տարածքները: Այնուհետեւ Հայաստանը խնդրանքով դիմել է ՌԴ-ին։ ՌԴ գլխավոր շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանը խնդրում է դադարեցնել ռազմական գործողությունները»,-հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում