Այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հավանություն տրվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարության ծրագրով գիտության և բարձրագույն կրթության ոլորտների որակական և շեշտակի զարգացումն առաջնահերթություն է, որի համար արվել է մեծածավալ աշխատանք։

 

«Բավարար է նշել, որ միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ Կառավարությունը 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է շուրջ 21,74 մլրդ դրամով՝ դարձնելով 36 մլրդ դրամ, ինչը շուրջ 2,5 անգամ ավելի է 2018 թվականին գիտության ոլորտին տրամադրված ֆինանսավորումից»,- հայտնեց նախարարը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Մենք բազմիցս արձանագրել ենք, որ առանց կրթության ոլորտում խոր և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացման, չենք կարող ապահովել մեր երկրի ապագան։ Այդ իմաստով՝ շատ մանրամասն հետազոտել ենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, և այն պրոբլեմները, որոնք մենք ունենք բարձրագույն կրթության ոլորտում։ Դրանցից մեկը ֆիզիկական ենթակառուցվածքների անհամապատասխանությունն է ժամանակակից պահանջներին, երկրորդը բովանդակային հատվածի անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին: Եվ այս հատվածում մենք արձանագրել ենք հետևյալը, որ, ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից, այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է ՀՀ-ում դիմորդն ընդունվել և ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության հետ:

Այս իրավիճակները գնալով ավելի մեծանում են: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական բաղադրիչը և բուհական բաղադրիչը մեկտեղել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և տրամաբանական: Ակադեմիական քաղաքի շրջանակներում մենք արձանագրել ենք, որ ՀՀ-ում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ, և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա:

Տնտեսական, ենթակառուցվածքային և ֆինանասական հարցերը պետությունը կվերցնի իր վրա: Այս ճանապարհին մենք հերթական կարևոր որոշումն ենք կայացնում, և ստեղծում ենք նոր մարմին կամ բարեփոխում ենք մեր ունեցած կառուցակարգերը, և Գիտության կոմիտեի փոխարեն կունենանք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կիրականացնի մեր ռազմավարությունների այս հատվածը, որը վերաբերում է բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղացնելուն կամ հետազոտական, գիտահետազոտական և կրթական բաղադրիչները բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ինտեգրելուն, մեկտեղելուն և միասնական դարձնելուն»:

 

663