Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Գերազանցություններ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները կնախընտրեն չհրապարակել:

Որպես նախկին գլխավոր խմբագիր և լրագրող՝ ես իմ սեփական փորձով լավ գիտեմ պետության միջամտությունից դուրս աշխատելու հնարավորության կարևորությունը, քանի որ մեր աշխատանքի ասպեկտներից մեկը եղել է կառավարության գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրելն ու հրապարակայնացնելը:

Ես և իմ գործընկերները ստիպված էինք առերեսվել մի շարք, այսպես կոչված, «քրեական գործերի» և շինծու մեղադրանքներով դատավճիռների, որոնք միտված էին լռեցնելու անկախ մամուլը։

Այսպիսով, ես բոլորից լավ գիտեմ այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց կարող են բախվել լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց աշխատանքի ընթացքում։

Գիտակցելով խոսքի և ազատ արտահայտման կարևորությունը՝ մեր կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար՝ որպես իրական ժողովրդավարության կարևոր մաս։

Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր։

Անցած տարի դրա շնորհիվ Հայաստանն աննախադեպ առաջընթաց գրանցեց Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։

Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսով Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ լրագրությունը հասել է առցանց հարթակ, ավելի շատ ջանքեր և գործողություններ են պահանջվում շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար:

Պետք է խոստովանել, որ մեր օրերում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս մամուլի, խոսքի և արտահայտման ազատության համար։ Դրանք կեղծ լուրերն են, որոնք իրական խնդիր են դառնում ժողովրդավարական երկրների համար։ Բայց նույնիսկ այս մարտահրավերը չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։

Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։

Այս համատեքստում, կցանկանայի ընդգծել լրատվական ոլորտի մասնագետների անվտանգության խնդիրները։ Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել ԶԼՄ-ների մի շարք խիզախ աշխատակիցներին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը հակամարտությունների տարածքներում ամբողջ աշխարհում:

Ազատ մամուլի և արտահայտվելու իրավունքները պետք է մշտապես հարգվեն և պաշտպանվեն։ Ուզում եմ կրկնել, որ Հայաստանն ապագայում ևս լիովին կաջակցի և կխթանի ազատ և անկախ լրատվամիջոցների ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին։

Շնորհակալություն»:

«Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդների կողմից, որը Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը համահյուրընկալող 5 երկրներից է: Մասնակիցների շարքում են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մամուլի ազատության հարցերով զբաղվող փորձագետներ, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողական ոլորտի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև սկսնակ լրագրողներ: Թեմատիկ քննարկումների օրակարգում են մամուլի ազատությանը և ժողովրդավարությանը, լրագրողների անվտանգությանը, համացանցում խոսքի ազատությանը, ազատ և անկախ ԶԼՄ-ների կայացմանը և ոլորտի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձևաչափով, մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Արծարծվող թեմաները հետևյալն են՝ 2021թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարում, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներ, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդում՝ կառավարման հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մամուլի ազատություն, ներառական տնտեսական աճ և այլն:

 

729