Կառավարությունը հավանություն տվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Խոսելով նախագծի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է աշխատանքային փորձառություն:

«Շատ դեպքեր կան, երբ մեզ դիմում են նորավարտ ուսանողներ և ասում են, որ աշխատանքի անցնելու համար ստաժ կամ փորձառություն է պետք, ես որտեղի՞ց այդ փորձառությունը ունենամ. հիմա մենք ցույց ենք տալիս՝ այ այստեղից»,- ասաց նա և նշեց, որ կամավոր աշխատանքը կհամարվի աշխատանքի փորձառություն՝ աշխատանքի ընդունվելու պարագայում:

Վարչապետը նախագիծն առանձնահատուկ համարեց՝ իր մշակութային և քաղաքակրթական կարևորությամբ, քանի որ սա կարևոր է հանրային համերաշխության, փոխօգնության մենթալիտետի համար, որ մարդը որոշ ժամանակ անցնում է կամավոր աշխատանքի: Նա նաև կարևոր համարեց, որ ոչ միայն երիտասարդները, այլև աշխատանք ունեցողները, պաշտոնյաները ևս հնարավորություն ունենան կատարել կամավոր աշխատանք:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շատ երկրներում բուհեր ընդունելության ժամանակ կամավորական աշխատանքը շատ կարևոր կոմպոնենտ է: «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքով մենք ընդունելության համակարգի վերափոխումն էլ ենք այդպես պատկերացնում, որ ընդունելության մի կարևոր բաղադրիչ է լինելու կամավոր աշխատանքը»,- ասաց նա:

553