Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամութ էջերից է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ձևավորել այն հզոր, բազմազան և ներառական երկիրը, որը մենք վայելում ենք այսօր:
Կատարված վայրագությունները և 1915-1923 թվականներին զոհվածները երբեք չպետք է մոռացվեն: 2015 թվականին՝ ողբերգության սկսվելուց մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու առաջարկը, որն այդ ժամանակվանից ծառայում է որպես այս վայրագությունների պատճառած կորստի ցավի հիշեցում և երաշխիք, որ դրանք երբեք չի կրկնվի:
Ատելությունն ու բռնությունը այլևս երբեք չպետք է անտարբերությամբ ընդունվեն: Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի ապահովելու, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն, և դա սկսվում է խտրականության և ատելության դեմ արտահայտվելով։
Միասին այս մռայլ տարելիցին մենք հիշում ենք կորսված կյանքերը, ճանաչում հայ ժողովրդի ուժն ու ոգին և ակնկալում խաղաղություն, փոխադարձ հարգանք և արժանապատվություն աշխարհի մարդկանց և երկրների միջև»: