
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում և հացահատիկի գործարքի իրականացման ընթացքը, հայտնում է ՌԴ նախարարության կայքը։
«Ռուսաստանի և համաշխարհային կազմակերպության միջև եղել է համագործակցության տարբեր ասպեկտների առարկայական քննարկում։ Քննարկման առանցքում Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակն էր: Նախարարը կրկին հանգամանորեն ներկայացրեց ներկայիս ճգնաժամի բուն պատճառները, ընթացքը և հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք ուղղված են Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վերացմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Լավրովը նաև կոշտ քննադատության է ենթարկել Արևմուտքին՝ ՄԱԿ-ի հարթակը օգտագործելու համար՝ «նպաստելու քաղաքականացված հակառուսական նախաձեռնություններին, որոնք հղի են միայն ներկայիս ճգնաժամի երկարաձգմամբ»։
ՌԴ ԱԳ նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի կենտրոնակայանի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չկատարմանը, ներառյալ համաշխարհային կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջոցառումների համար Ռուսաստանի ներկայացուցիչներին վիզա չտրամադրելը և ռուսական դիվանագիտական սեփականության անօրինական օտարումը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողության տակ գտնվող մի շարք արդի հարցերի շուրջ, ինչպիսիք են իրավիճակը Սիրիայում, Եմենում, Աֆղանստանում, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական կարգավորման շուրջ։
Լավրովն ու Գուտերեշը պայմանավորվել են Խորհրդի բոլոր անդամների կառուցողական փոխգործակցության անփոխարինելիության մասին՝ այս և այլ ճգնաժամերը հաղթահարելու համար։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախօրեին ժամանել է ՄԱԿ-ի կենտրոնակայան, որտեղ նախագահում է Անվտանգության խորհրդի նիստերը։