
«Նախնական պայմանավորվածություն կա, և, ըստ դրա, ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Հիշեցնենք՝ օրերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին։
Խոսելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի և այնտեղ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների տևողության մասին, Եղոյանն ասել է, թե դա կախված կլինի բանակցությունների բովանդակությունից. «Հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունենք»։
Նրա խոսքով՝ բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրին. «Բնականաբար, բոլոր այդ հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար․ հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»։
Եղոյանը չի համաձայնվել տեսակետին, թե բանակցությունները հայկական կողմի օգտին չեն եղել։